Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների սկանդալը չավարտված՝ հասանք ՍԱՍ-ին: Լավ, հետո: Իսկ ի՞նչն է նորություն: Հայտարարություններ են անում, ուսումնասիրություններ: Հետո՞: Ի՞նչ է լինելու հետո: Արտակ Սարգսյանը մանդատ չի՞ ստանալու: Իսկ ինչո՞ւ նա պիտի չստանա, նույն ճանապարհով մյուսները պիտի ԱԺ մտնեն: Որովհետև ինչ-որ մեկը հանրությանը հայտնի է դարձրել՝ ինչ առևտուր է ՍԱՍ-երում կատարվում: Իսկ կատարվում է առանց նույն այդ հանրությա՞ն: Ովքե՞ր են աշխատում ՍԱՍ-երում: Մարսի՞ց են իջել: Մենք ենք: Դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների նախընտրական ժողովի ձայնագրությունը: Լավ է անում, ու ի՞նչ հետևանք է ուսումնասիրությունն ունենալու:
Տնօրենների ձայնագրությունը ի՞նչ հետևանք ունեցավ: Դատի են տալիս Դանիել Իոաննիսյանին ու յուրաքանչյուրը երկու հազար դոլար փոխհատուցում է պահանջում: Երևի սկանդալի պատճառով իրենց հասանելիքը չեն ստացել: Իսկ երբ մամուլը գրում է, դիտորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրում են, քաղաքական ուժերը բարձրաձայնում են՝ նույնը չե՞ն ասում: Հիմա ի՞նչ են անակնկալի եկածի կերպարանք ընդունում: Սովորական ձայնագրություն է, որ կրկնում է պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում եղած ժողովներն ու խոսակցությունները՝ մի քիչ կարճ, մի քիչ երկար: Հասկացանք, պատճառներն էլ հասկացանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի հանրամատչելի էր բացատրում: Հետո՞: Հետևանքների լալահառաչ չքմեղացումի կամ ագրեսիվ ժխտումի փոխարեն պատճառները փոխելու մասին որևէ մեկը մտածե՞ց: Թե՞ պարբերաբար այս ու այն կայքում հայտնվող ձայնագրությունները շանթարգելի գործն են անում՝ հասարակության մեջ ծփծփացող բողոքի ու դժգոհության տեղ են տալիս, որ խոսեն-խոսեն՝ հանգստանան: Որովհետև, մեկ է, ուրիշ ոչինչ չի լինելու:
Իշխանության նախագահական թևը զբաղված է իշխանական բուրգի կոսմետիկ փոփոխություններով, վարչապետական թևը «գմփոց» փոփոխություններ է ազդարարում, խորհրդարանականը արդեն չկա կամ դեռ չկա: Դատական համակարգի մասին, որպես ինքնուրույն կառույցի, անիմաստ է մտածել: Մամուլը, թերթերը, կայքերը կաղմկեն՝ մինչև նոր սկանդալ: Օրինակ, եթե հիմա տնօրենները համը չհանեն, նրանց կմոռանան: ՍԱՍ-երինն էլ կմոռանան, երբ, ասենք, ի հայտ գա City-ների սկանդալը: Երբ սկանդալից սկանդալ ես անցնում, սկանդալը դառնում է առօրյա ու կորցնում էֆեկտը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե հասարակությունը իրոք զարմացած է, վիրավորված է, մերժում է այդ պրակտիկան, թող ոչ ոք ՍԱՍ-երից գնումներ չանի՝ անձնական վերաբերմունք արտահայտելու հնարավորություն է: ՈՒ քանի՞սը այդ հնարավորությունից կօգտվի: Գուցե միայն նրանք, ովքեր ընտրել են ձրի: